BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ինչքան հիշողությունը թանձրանա, այնքան ավելի հետաքրքիր գործեր կստեղծվեն»

«Ինչքան հիշողությունը թանձրանա, այնքան  ավելի հետաքրքիր գործեր կստեղծվեն»
23.12.2014 | 11:08

ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ մեր զրույցը Ցեղասպանության թեմայով գրականության տպագրության, թարգմանության և հանրահռչակման մասին է:

-Պարոն Միլիտոնյան, ի՞նչ գրքեր է պատրաստել ու առաջարկել գրողների միությունը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
-Ցեղասպանության զոհ դարձած գրողների ստեղծագործությունները կհրատարակվեն գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Գերմանիայում 2015-ի մայիսի 10-ին տեղի կունենա գրական մեծ միջոցառում, կներկայացվի եղեռնազոհ գրողների գերմաներեն անթոլոգիան: Սակայն այսքանով չենք սահմանափակվի, հետագա տարիներին ևս այդ ստեղծագործությունները տարբեր լեզուներով կթարգմանվեն ու կներկայացվեն աշխարհին: Դա կլինի շոշափելի, ներկայանալի մի փաստ, հատկապես գրական միջավայրի, ընթերցողների համար: Վերջապես, պետք է մարդկությունը տեսնի, թե ինչ մեծություններ են զոհվել՝ Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Զոհրապ:
Տարբեր հրատարակչություններին ներկայացրել ենք ժամանակակից գրողների` ցեղասպանության թեմայով գրված վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ: Հրատարակվելու են մեր դասական հեղինակների ստեղծագործությունները` հիմնականում օտար լեզուներով: Թարգմանական գործերն ընթացքի մեջ են: Դա ևս մի ճանապարհ է աշխարհին ցուցանելի դարձնելու այն ստեղծագործությունները, որոնք գեղարվեստորեն բարձր են, նաև որոշակի փաստարկված ներկայացնում են եղեռնի իրողությունը:
2015-ի ապրիլին Երևանում նախատեսվում են գրական հանդիպումներ, գրքի ցուցահանդես: Հրավիրվելու են տարբեր երկրների գրողներ, ովքեր որոշակիորեն անդրադարձել են Հայաստանին և ցեղասպանության խնդրին:
-Կա՞ն գրքեր, որոնց հանրահռչակումը առաջնային է:
-Իհարկե, Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որ վերջերս հրատարակվել է հայերեն: Ժամանակակից գրող է և մեծ ճանաչում ունի ԱՄՆ-ում: Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է տասնյակ լեզուներով, հայերեն 3-րդ հրատարակությունն է իրականացվում: Մեր դասական գրողներից Խաչիկ Դաշտենցին հիշենք, Մուշեղ Գալշոյանին, Հրաչյա Քոչարին, Գուրգեն Մահարուն և այլ մեծությունների, որոնց գործերը հիմնականում թարգմանվելու են այլ լեզուներով:
-Ըստ «Գրքի հարթակ» նախագծի իրականացրած ուսումնասիրությունների` հայերենից վերջին 20 տարում 225 անուն գիրք է թարգմանվել եվրոպական 8 և տարածաշրջանային 3 լեզուներով: Ցեղասպանության մասին գրականության թարգմանությանը ի՞նչ տեղ է հատկացվել այդ համատեքստում:
-Եթե հետևեիք վերջին տասը տարվա մեր հրատարակություններին, կտեսնեիք, որ հետևողականորեն հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն բազմաթիվ գրքեր են հրատարակվել ցեղասպանության թեմայով` գեղարվետական, գիտական, փաստավավերագրական: Այդ թեման խորհելու, վերլուծելու մի դաշտ է լինելու նաև ապագա գրողների համար: Ինչքան հիշողությունը թանձրանա, այնքան ավելի հետաքրքիր գործեր կստեղծվեն: «Պատերազմ և խաղաղություն» վեպը Տոլստոյը գրել է 1812-ի պատերազմից շատ հետո: Բայց պիտի ասենք` տես, ոնց է ուսումնասիրել, ոնց է նրա գիտակցությունը գեղարվեստի վերածել այդ պատերազմը: Այդպես կարող ենք շատ օրինակներ բերել ու վստահաբար ապագայում ևս սպասել այդ թեմայով բարձր ստեղծագործությունների:
-Դրսում հանրահռչակելու համար լավ գործը բավակա՞ն է, թե՞ այլ գործընթացներ են պետք, ասենք, Նոբելյան մրցանակ` ճանաչում ապահովելու, «իրարանցում» առաջացնելու համար:
-Վարուժան Ոսկանյանի գիրքը երկու անգամ ներկայացվել է Նոբելյանի: Սակայն ներկայացնելը մի բան է, մրցանակ ստանալը` մեկ այլ բան: Եվ պետք չէ մտածել, թե Նոբելյան մրցանակ են ստանում ամենամեծ գրողները: Ոչ, հաճախ այդ մրցանակին արժանանում են երկրորդ, երրորդ կարգի գրողներ: Եկեք մեզ չտանջենք այդ տենչով: ՈՒղղակի գրքեր ստեղծենք, տարածենք, ավելի տեսանելի դարձնենք ցեղասպանության խնդիրը:
-Կարո՞ղ ենք ասել, որ «Շշուկների մատյանը» համաշխարհային համբավ է ապահովում, կամ այդ ճանապարհին է:
-Մեր որևէ գրող այսօր համաշխարհային համբավ չունի և դժվար թե ունենա: Դա կլինի այն դեպքում, եթե հրատարակիչը համաշխարհային հրատարակչական և լրատվական դաշտում դեր ունենա, մեծ ֆինանսներ ներդնի` գրողին ներկայացնելու, թարգմանելու, տարածելու համար: Մեր որևէ հրատարակչություն այսօր այդ հնարավորությունը չունի: Իսկ եթե մտածում եք, թե Անգլիայի, Գերմանիայի և մյուս պետությունների հրատարակչությունները պիտի զբաղվեն Հայաստանի գրողներով, սխալվում եք: Գրողին իր հրատարակիչն է նախ և առաջ ներկայացնում: Եվ պետք չէ մտածել, որ եթե անգլիացի որևէ գրող աննախադեպ ծավալներով թարգմանվում, ներկայացվում է, նա ամենամեծ գրողն է: Ոչ, այդ ընթացքում ստեղծագործող ճապոնացի, չինացի, վրացի, հունգար շատ ավելի լավ գրողի անունը հնարավոր է ընդհանրապես լսած չլինենք: Այսօր աշխարհը մարդկանց ականջների մեջ գովազդը խցկելով` անուններ է քարոզում: Մենք մեր հնարավորությունները պետք է համատեղենք սփյուռքի հնարավորությունների հետ և տարբեր երկրների հրատարակչությունների հետ աշխատելու հմտություն ունենանք: Մասնակցենք գրական հանդիպումների, գրքի միջազգային ցուցահանդեսների, ինքներս փառատոներ կազմակերպենք: Գոնե վերջին 5-6 տարում, այս առումով, որոշակի քայլեր արվում են: Պատահական չէ, որ 2012-ին Երևանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք, որքան էլ ոմանք հեգնանքով վերաբերվեն այս փաստին: Աշխարհում դա մեծ երևույթ էր, և եթե մենք չինացի, գերմանացի, ֆրանսիացի չենք, մեր մեղքը չէ դա, մենք էլ պետք է կարողանանք ներկայանալ: Ի միջի այլոց, Ռուսաստանը ներկայացրել էր քաղաքներ, որոնք չանցան: Դա դժվար մրցակցություն է:
-Գրքի, գրականության, գրողի հանդեպ վերաբերմունքն ինչպիսի՞ն է մեր երկրում:
-Դա լուրջ թեմա է՝ որքանով ենք հնարավորություն ստեղծում ներկայացնելու մեր գրականությունը հենց Հայաստանի ընթերցողին, որքանով են զանգվածային լրատվամիջոցներն անդրադառնում լավ գրքերին, լավ գրողներին: Ավելի շատ թշնամական վերաբերմունք կա: Մենք առաջարկել ենք ստեղծել հաղորդաշարեր, թեմաներ ենք ներկայացրել և՛ հանրային, և՛ այլ հեռուստաընկերություններին, բայց ապարդյուն: Շատերն ասում են` մենք սեփականատերեր ենք: Հանրայինն էլ դասականներին ներկայացնող որոշ հաղորդաշարեր է ստեղծել, իսկ հայ ժամանակակից գրականությունը, որ գրական բարձր արժեքներ ստեղծող մի դաշտ է, անտեսվում է:
-Գուցե գրքերի առատությունը թույլ չի՞ տալիս ճանաչել լավ գրականությունը, լավ գրողին:
-Լավ ընթերցողը փնտրում է լավ գրող: Եթե ընթերցողը ծանոթ չէ միջազգային ու հայաստանյան գրականությանը, գրողի՞ մեղքն է դա: Մենք հակված ենք դրսի ձայները լսելու, հրաշալի է, այդպես էլ պետք է լինի, բայց մեր ներսի ստեղծագործողի հանդեպ, կարծես, հավատ չունենք: Իր ստեղծագործողի հանդեպ հայի վերաբերմունքի մասին ժամանակին գրել է նաև Վահան Տերյանը, ասելով` եթե Հովհաննես Այվազովսկին ապրեր Հայաստանում, չէր արժանանա անգամ գավառական ուսուցչի պաշտոնի: Ինձ զանգահարում, ասում են` ո՞ւր են մեր տերյանները, մեր սարյանները: Չարենցի ծննդյան օրն էլ ինչ-որ մեկը զանգել է, թե` ո՞ւր են մեր չարենցները: Ես պատասխանեցի, որ եթե Չարենցին հարցնեին` ո՞ւր են մեր նարեկացիները, գուցե փոշմաներ, որ ծնվել է: Ո՞նց կարելի է նման հարցեր տալ, նման համեմատություններ անել: ՈՒրեմն ռուսներն անվերջ պետք է ասեն` ո՞ւր են մեր պուշկինները, տոլստոյները, դոստոևսկիները, գերմանացիներն էլ` ո՞ւր են մեր գյոթեներն ու շիլլերները: Ցանկացած գրող իր ժամանակի, իր օրերի, իր փորձի արդյունքն է: Այս ժամանակի մեջ գրողն ունի իր տեսակը, իր ձևը և դրանով է անկրկնելի: Հայաստանում կան հրաշալի նկարիչներ, ճարտարապետներ, կոմպոզիտորներ: Պե՞տք է վերջապես մի օր հարցնել լրատվական դաշտին` ինչո՞ւ եք այնպես անում, որ ժողովուրդը չիմանա, թե ինչ ունի: Որովհետև ժողովուրդը նաև ջերմություն և ներշնչանք է ստանում, երբ տեսնում է, որ իր զավակների մեջ արտահայտվել է իր պատկերը:
-Եվ վերջին հարցը: Թուրք հրատարակիչները հետաքրքրված են եղեռնազոհ գրողների գործերով, անգամ առաջարկ է եղել ներկայացնելու նրանց մեկ ընդհանուր անթոլոգիայով: Ինչո՞վ եք բացատրում այդ հետաքրքրությունը:
-Իրենց պետք է հարցնեք: Մի մոռացեք, որ զոհված գրողները Թուրքիայի քաղաքացիներն էին: Այդ երկիրը սպանել է իր քաղաքացիներին: Եվ, իհարկե, եթե թուրք հրատարակիչը խիղճ ունի, պետք է իր ընթերցողին ցույց տա, որ եղել է այդպիսի վայրագություն: Թեև, կրկնում եմ, չեմ կարող պատասխանել նրանց փոխարեն:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ